ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Երկիրը պետք է ղեկավարեն հայրենասեր մարդիկ»

«Երկիրը պետք է ղեկավարեն հայրենասեր  մարդիկ»
24.07.2015 | 00:06

Սահմանադրական բարեփոխումները, հատկապես երկրի կառավարման մոդելի փոփոխությունը, իրարամերժ տեսակետների տեղիք են տվել։ Նկատենք, որ, ըստ առաջարկվող տարբերակի, երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման։ Այս մոտեցումը Հայաստանում կարդարացվի՞, քանի որ հայերս սիրում ենք մեր ճիշտը պնդել։ Առավել ևս խորհրդարանում պատգամավորները դժվար են խիստ կարևոր հարցերում անգամ միասնություն ցուցաբերում։ Իսկ «նոր մոդել» կոչվածն արդյոք չի՞ հանգեցնի «կարապը, խեցգետինը, գայլաձուկը» տարբերակին։ Խնդրի շուրջ զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ։

-Կարևոր չէ, թե որ մոդելն է` նախագահական, թե կիսանախագահական, խորհրդարանական, թե բացարձակ միապետական, կամ նույնիսկ կրոնական, կարևոր է, որ տվյալ պետության մեջ ղեկավարող շրջանակները սիրեն իրենց երկիրը, իրենց հայրենիքը, լինեն ազգասեր և աշխատեն ոչ թե իրենց անձնական, այլ պետական և ազգային շահի համար։ Խոսքը դրա մասին է,- մանրամասնեց պարոն Իսագուլյանը։
-Ճի՞շտ հասկացա Ձեզ` սահմանադրական բարեփոխումները ոչինչ չեն փոխի մեր երկրում։
-Եթե իշխանությունները պետք է շարունակեն այն քաղաքականությունը, որն այսօր կա, ապա մենք մեր հայրենիքը կորցնելու վտանգ կունենանք։ Նկատեմ` ներկայացված սահմանադրական փոփոխությունները ո՛չ միապետական, ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական մոդելի մեջ չեն։ Սա խեղկատակություն է։
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ են լուծելու այդ փոփոխությունները։
-Դժվարանում եմ պատասխանել։ Երևի հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր աշխատել են այդ փոփոխությունների վրա։ Այնպիսի տպավորություն է, որ իրավաբանական ինչ տերմին լսել են, կիրառել են այդ փոփոխությունների մեջ։ Պատկերացրեք, 5 կետերում ընդգծված է կնոջ և տղամարդու հավասարությունը։ Ինչի՞ համար։ Պարզից էլ պարզ է, որ կինն ու տղամարդը իրավահավասար են և դա Սահմանադրության մեջ կարող է ֆիքսվել ընդամենը մեկ կետում և ոչ հինգ։
Կարծում եմ, ոչ, համոզված եմ, որ Հայաստանում կառավարման ցանկացած մոդել կաշխատի, եթե իշխանությունները լինեն մի քիչ հայրենասեր։
-Պարոն Իսագուլյան, այդ դեպքում ստացվում է, որ կառավարման այն մոդելը, որ կա այսօր Հայաստանում, կարող էր հանգիստ գործել և կարիք չլիներ փոփոխությունների։ Եվ քանի որ խոսեցիք իշխանությունների հայրենասիրությունից, ապա չեմ կարող չփաստել։ Դուք Հայաստանի անկախությունից ի վեր աշխատել եք երեք նախագահների հետ` զբաղեցնելով բարձր պաշտոններ։ Ձեր ասածից պե՞տք է ենթադրել, որ երեք նախագահներն էլ հայրենասեր չեն։
-Հարցին պատասխանելու համար պետք է գնահատենք նաև ժամանակաշրջանները։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման փուլը Խորհրդային Միության կործանման, Ղարաբաղի ազատագրման և վերականգնման սկզբնական ժամանակահատվածն էր։ Դրանք ծանր ժամանակներ էին և, ցավոք, ամեն բան շատ արագ տեղի ունեցավ։ Սակայն, անկախ ամեն ինչից, Հայաստանն ունեցավ փայլուն հաղթանակ։ Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման օրոք ես եղել եմ նրա ամենաուժեղ քննադատը, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չնշել այն հաղթական ձեռքբերումը, որն արձանագրվեց այդ ժամանակահատվածում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ Հայաստանում արձանագրվել է հրաշալի տնտեսական աճ։ Ցավոք, մեր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի (ում միշտ համարել ու համարում եմ իմ ընկերը և ով մեր նորանկախ պետության կայացման առաջին իսկ օրից մեծ ներդրում է ունեցել այդ գործում) օրոք ո՛չ հաղթանակներ են արձանագրվել, ո՛չ էլ տնտեսական աճ։
Կարծում եմ, որ երեք նախագահների մեծագույն թերությունը ա) կադրային քաղաքականությունն է և բ) սեփական անձի գերադասումը մնացած բոլոր խնդիրներից։
-Հետևաբար, ո՞րն է խնդրի լուծումը, գուցե դա հայկական մտածողությա՞ն արդյունք է։
-Հայկական մտածողությունը ոչ մի կապ չունի այդ խնդրի հետ։ Եթե հետևենք, կտեսնենք, որ 600 տարի պետականություն չունենալով` մենք մեր մշակույթը, կրոնը ավելի լավ ենք պահպանել, քան հիմա։ Երբ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում, այդ ժամանակ էլ շատ հարցերում հայերիս վիճակն ավելի լավ էր, քան այսօրվա անկախ Հայաստանում։ Ինչո՞ւ հայ ժողովուրդն օտար երկրներում կարողանում է արարել, իսկ սեփական երկրում չի կարող. հարկային, մաքսային մարմինները, օրենքի առջև ոչ հավասար պայմանները, պետական միջոցների անխնա մսխումը իշխանությունների կողմից խեղճ ժողովրդին կանգնեցրել են անելանելիության եզրին։
-Լավ, ելքը ո՞րն է։
-Երկիրը պետք է ղեկավարեն հայրենասեր մարդիկ։ Չեմ ասում` անգլերենի իմացությամբ և ժելեած մազերով մարդիկ, այլ նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, մեր բոլորիս հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը:

Հարցազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ